Եգիպտոսի անվտանգության ուժերը վնասազերծել են  ղպտի եկեղեցու մոտ դրված  պայթուցիկ սարքը: Այս  մասին իր կայքում տեղեկացնում է իրավապաշտպան,  արաբական լեզվի և իսլամի  փորձագետ Ռայմոնդ Իբրահիմը:  Պայթուցիկ սարքը տեղադրել էին Հելուան քաղաքի Մարիամ Աստվածածին եկեղեցու  հարևանությամբ: Հավանաբար սարքը պիտի գործեր առավոտյան եկեղեցական արարողության ժամանակ, երբ եկեղեցում ներկա  կլինեին մեծ թվով հավատացյալներ: Սարքը նկատել  և անմիջապես ահազանգել  էին անվտանգության մարմիններին: Անվտանգության աշխատակիցները վնասազերծել էին այն: Բարեբախտաբար այս անգամ զոհեր չեղան: Ի դեպ  ղպտի եկեղեցու դեմ վերջին ահաբեկչությունը կատարվել էր  այս տարվա մայիսին, Թամիյա բնակավայրում: Եկեղեցու հարևանությամբ ռումբ էր պայթեցվել: Վնասվել էր եկեղեցու շենքը: Մարդիկ չէին տուժել: