Արաբական Միացյալ Էմիրություններում կրոնական անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի օրենք են ընդունել, որի համաձայն օրենքը խախտողներին մինչև 10 տարվա ազատազրկում է սպասվում կամ 272 հազար ամերիկյան դոլարի տուգանք: Օրենքը արգելում է վիրավորել կրոնը, մարգարեներին, պղծել սուրբ գրքերը և պաշտամունքային վայրերը, ինչպես նաև խտրականություն դնել մարդկանց միջև կրոնական, ազգային, ռասայական պատկանելության, ինչպես նաև համոզմունքների համար: Հանցագործություն կհամարվի զանգվածային լրատվամիջոցներում և համացանցում ցանկացած հրապարակում, որը խտրականություն կքարոզի կամ էլ տարաձայնություններ կհրահրի: Մասնավորապես այդ օրենքով բանտարկություն է նախատեսված այն անձանց համար, ովքեր այլ կրոնների հետևորդներին կանվանեն անհավատներ: Իսկ եթե առկա կլինեն նաև սպանություն հրահրելու փորձեր և կհանգեցնեն հանցագործության, ապա նախատեսված է մահապատիժ: Ինչպես գիտենք ,այլ կրոնների ներկայացուցիչներին <<գյավուրներ>>, այսինքն անհավատներ համարելու պրակտիկան լայնորեն կիրառում են իսլամիստ ծայրահեղականները, այդ թվում << Իսլամական պետությունը>>: Նշենք, որ վերջերս Արաբական Միացյալ Էմիրությունները և ԱՄՆ-ը հայտարարեցին Աբու Դաբիում <<Իսլամական պետություն>> խմբավորման քարոզչության դեմ պայքարի կենտրոն ստեղծելու մասին: