Փետրվարի սկզբին Վատիկանում կայացել էր ամերիկյան նոր` <<Հարություն>> գեղարվեստական ֆիլմի նախնական ցուցադրությունը: Ֆիլմի գլխավոր դերակատարներ Ջոզեֆ Ֆայնսը և Մարի Բոտոն այցելել էին Վատիկան և հանդիպել Ֆրանցիսկ I Պապի հետ: Բրիտանացի հայտնի դերասան Ջոզեֆ Ֆայնսը կատարել է հռոմեացի հարյուրապետի դերը, իսկ արգենտինական ծագումով իսպանացի դերասանուհի Մարիա Բոտոն` Մարիամ Մագդաղենացու: Հանդիպման ժամանակ Ֆայնսի հետ էր եղել նրա դուստրը: Պապը համբուրել էր աղջնակի ճակատը:Կաթոլիկ Հովվապետի հետ հանդիպումից հետո դերասանները կիսվել էին իրենց տպավորություններով: << Հիանալի էր: Երբ հանդիպեցի Պապին, ապա հուզմունքից ոչ մի բառ չկարողացա արտաբերել, ուղղակի համբուրեցի նրա ձեռքը>>-ասել էր Մարիա Բոտոն, իսկ Ջոզեֆ Ֆայնսը նշել էր. <<Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Պապի հետ >>: Նշենք, որ ԱՄՆ-ում <<Հարություն>> ֆիլմի պրեմիերան կայանալու է փետրվարի 19-ին: Ֆիլմը պատմում է Հիսուսի հարությունից հետո 40 օրերի մասին: Գլխավոր հերոսը հռոմեացի անհավատ հարյուրապետն է: Նա Պոնտացի Պիղատոսի կարգադրությամբ սկսում է ստուգել Հիսուսի հարության վերաբերյալ տարածված լուրերը և փորձում է գտնել Քրիստոսի մարմինը: Ֆիլմի հեղինակները առավելագույնս փորձել են հավատարիմ մնալ պատմական իրադարձություններին: Ռեժիսորը Քևին Ռեյնոլդսն է, իսկ պրոդյուսերը Միք Լիդելը: Քրիստոնեական ֆիլմերի և հեռուստատեսության ամերիկյան հանձնաժողովի նախագահ Թեդ Բաերը << Հարություն>> ֆիլմի համար ասել է.<<Հզոր, հետաքրքիր կինոնկար է, որը բացահայտում է այդ մեծագույն իրադարձության ազդեցությունը պատմության վրա>>: