Christian Today-ի տեղեկացմամբ`բրիտանացի հետազոտողները պարզել են, որ հավատացյալ մարդիկ ավելի երջանիկ են: Այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական գրասենյակի բնակչության բարեկեցության վերաբերյալ ամենամյա հաշվետվության մեջ, որում հիմնական ուշադրությունը դարձվում է բրիտանացիների հուզական բավարարվածության աստիճանին: Արդեն հինգերորդ տարին հարցումներ են անցկացվում, որոնց ժամանակ հարցվածները գնահատում են իրենց երջանկությունը և հուզական մյուս վիճակները 0-10 միավորների սանդղակով: Հաշվետվության մեջ ասված է, որ անհավատ բրիտանացիները ավելի քիչ են երջանիկ, ավելի քիչ են բավարարված իրենց կյանքով և նրանց ինքնագնահատականը ավելի ցածր է քան հավատացյալների մոտ: Սակայն հավատացյալներն էլ ավելի են հակված անհանգստանալու: Տարբեր կրոնների հետևորդների մոտ հուզական վիճակի գնահատականը տարբեր է: Այսպես. կյանքի իմաստը հասկանալու, իրենց կյանքը արժանավայել համարելու հարցում առաջատարը հրեաներն են` շատ քիչ գերազանցելով քրիստոնյաներին: Իսկ կյանքից բավարարվածության հարցում առաջին տեղում քրիստոնյաներն են և հինդուիստները: Պարզվել է, որ միայն այդ հարցում բուդդայականության հետևորդները զիջել են նույնիսկ անհավատներին: Ընդհանուր առմամբ հարցման բոլոր կետերում տարբեր կրոնների ներկայացուցիչները ավելի շատ միավորներ են հավաքել քան անհավատները: Փորձագետ Նիկ Սպենսերը ասել էր.<< Մենք տեսնում ենք կրոնասիրության և կյանքից բավարարվածության միջև դրական կապը: Ի դեպ նշանակություն չունի, թե որ կրոնի հետևորդ են, որովհետև մարդու հուզական վիճակի վրա դրական է ազդում հենց հավատքը>>: