Սերբիայի ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքի տեղեկացմամբ`Կոսովոյի <<Վիսոկի Դեչանի>> վանքի գլխավոր դարպասների մոտ ձերբակալել են չորս զինված ալբանացի իսլամիստների: Վանքի վանահայր Սավայի խոսքով Կոսովոյի ոստիկանները և միջազգային զինված ուժերի ներկայացուցիչները պահանջել էին փաստաթղթեր ներկայացնել և խուզարկել էին այդ մարդկանց ավտոմեքենան, որում գտել էին ինքնաձիգեր, ատրճանակ, փամփուշտներ, ինչպես նաև իսլամիստական ծայրահեղական բովանդակության գրքեր: Ներկայումս հետաքննություն է կատարվում: Այս դեպքի առնչությամբ վանահայր Սավվան նշել էր, թե որքան կարևոր է Կոսովոյում միջազգային զինված ուժերի ներկայությունը վանքի անվտանգության համար, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Ի դեպ Կոսովոյի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Բակի Քելանին հայտարարել էր, թե վանքի դարպասների մոտ ձերբակալվածները ոչ մի առնչություն չունեն ահաբեկիչների հետ և պատասխանատվության կենթարկվեն անօրինական զենք պահելու համար: Այդ առնչությամբ վանահայր Սավան հայտարարել էր, որ ավելի լավ կլինի, եթե ոստիկանությունը պարզի թե գիշերը վանքի մոտ ինչ էին անում զինված այդ անձինք: << Քելանիի հապճեպ արված հայտարարությունը նպատակ ունի պաշտպանել զինված արմատական իսլամիստներին և նրանց ներկայացնել որպես ահաբեկչության հետ կապ չունեցողների: Սակայն այդ հայտարարությունը խիստ վնասում է Կոսովոյի ոստիկանության նկատմամբ վստահությանը>>-ասել էր վանահայրը: