Վատիկանի ոստիկանության ղեկավար Դոմենիկո Ջանին հայտարարել է, որ  ներկայումս Վատիկանը  անմիջական սպառնալիքներ չի ստացել ահաբեկիչներից, սակայն  անվտանգության միջոցները խստացվել են:  TV 200 կաթոլիկ հեռուստաալիքին  տված հարցազրույցի ժամանակ   Ջանին ասել էր. <<Պապի հասցեին   ահաբեկչական ոչ մի  կոնկրետ սպառնալիք  չի ստացվել: Սակայն դա չի նշանակում, որ նման վտանգ գոյություն չունի: Մենք չենք բացառում նման վտանգի  հնարավորությունը>>: Նա  անդրադարձել էր դեկտեմբերի 8-ից  սկսվող Գթասրտության հոբելյանական տարում Հռոմի   անվտանգության  ապահովման հարցին: Բարձրաստիճան ոստիկանի  խոսքով անվտանգության խստացված միջոցները թույլ կտան, որպեսզի իրենց ապահով  և հանգիստ զգան  բազմահազար ուխտավորները, ովքեր այդ տարվա ընթացքում կայցելեն Հռոմ: Դոմինիկ Ջանին խոսել էր  նաև նոյեմբերի վերջին Կենտրոնական-Աֆրիկյան Հանրապետություն Ֆրանցիսկ I-ի այցի մասին: Ինչպես գիտենք եվրոպական որոշ երկրների հետախուզությունները, այդ թվում նաև Ֆրանսիայի, Վատիկանին զգուշացնում են հետաձգել, կամ էլ չեղյալ հայտարարել  Պապի այցը, քանի որ  այդ երկրում նոր թափ են  ստացել զինված բախումները մուսուլմանների և քրիստոնյաների միջև:  Սակայն Ֆրանցիսկ I-ը չի հրաժարվել այցից: << Մենք ամեն բան կանենք, որպեսզի այցի ժամանակ  պահպանվեն անվտանգության պահանջները:  Ամեն ինչ կարվի Պապի և մյուս մարդկանց անվտանգությունը ապահովելու համար>>-ասել էր  Դոմենիկո Ջանին:  Նշենք, որ պապական ոստիկանության շարքերում ծառայում է 130 մարդ: