Դեկտեմբերի 3-ից մինչև հունվարի 5-ը Ռուսաստանում անցկացվում է <<Ուրախություն պարգևիր Ծննդյան տոնի առիթով >> բարեգործական ակցիան, որի ժամանակ յուրաքանչյուր ցանկացող կարող է նվերներ տալ <<Գթասրտություն>> ծառայության խնամքի տակ գտնվողներին և այլ կարիքավորներին Ռուսաստանի ամբողջ տարածքում: Բարեգործական այս ակցիայի ընթացքում հավաքված նվերները փոխանցելու են ծանր հիվանդ, որբ , հաշմանդամ երեխաներին, բազմազավակ ընտանիքներին, միայնակ տարեցներին, անօթևաններին: Այս մասին տեղեկացրել է Ռուս եկեղեցու Սինոդի մամուլի ծառայությունը: Նվերների ընդունման կետերը գործելու են Ռուսաստանի 12 քաղաքներում: Ակցիայի կազմակերպիչները հուսով են միայն Մոսկվայում հավաքել ավելի քան 40 հազար նվերներ: Հունվարի 6-ին և 7-ին կամավորները գթասրտության քույրերի և քահանաների հետ կայցելեն ընտանիքներ, մանկատներ, հիվանդանոցներ, ինտերնատներ, շնորհավորելու Սուրբ Ծննդյան տոնի առիթով և նվերներ տալու: Նշենք, որ<< Ուրախություն պարգևիր Ծննդյան տոնի առիթով >> բարեգործական ակցիան 2011թվականից իրականացնում է <<Գթասրտություն>> ծառայությունը: Ավանդաբար ակցիային մասնակցում են տասնյակ հազար կամավորներ ամբողջ երկրում: <<Գթասրտություն>> ծառայությունը Ռուսաստանի խոշորագույն բարեգործական կազմակերպություններից է, որը իրականացնում է սոցիալական 25 նախագծեր`օգնելու տարբեր կատեգորիաների կարիքավորներին`ներառյալ որբ երեխաներին, հաշմանդամներին, միայնակ ծերերին , անօթևաններին և այլն: