<<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները Սիրիայում բռնազավթած տարածքներում արգելել են նշել Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը: << Նրանք իրենց ահաբեկչական գործունեությունը զարդարել են իսլամի հանդերձով, սակայն ավազակություն են կատարում: Ավերելով Սիրիան, նրանք ոչնչացնում են նաև իսլամը: Իսլամիստները ապագա չունեն>>-ասել էր Սիրիայի իսլամի հարցերով նախարար Սաթար Ասաեդը: Դեկտեմբերի 23-ին մուսուլմանական աշխարհը նշում է Մուհամեդ մարգարեի ծննդյան տոնը` Մավլիդ ան Նաբին: Այս տարի Սիրիայում տոնը նշում են կառավարական բանակի կողմից վերահսկվող տարածքներում: Պատերազմի պատճառով մայրաքաղաք Դամասկոսում հրաժարվել են ճոխ տոնակատարությունից, սահմանափակվել են միայն կրոնական արարողություններով: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա ընտանիքը տոնի առիթով այցելել են մզկիթ, իսկ նախօրեի երեկոյան Դամասկոսի Ալ Ակրամ մզկիթում Բաշար Ասադը և Սիրիայի կառավարության անդամները մասնակցել էին երկրում խաղաղության հաստատման համար միաբան աղոթքին: Ի դեպ դեկտեմբերի 20-ին, Սուրբ Ծննդյան տոնի նախաշեմին Սիրիայի նախագահը կնոջ հետ այցելել էր Դամասկոսի Էլ Կուսուր թաղամասում գտնվող Մարիամ Աստվածածնի տաճարը և հանդիպել քրիստոնյա համայնքի հետ, հետաքրքրվել էին տոնի նախապատրաստությամբ: