Reuters գործակալության համաձայն` Սաուդյան Արաբիայի մուսուլման 53 հոգևոր առաջնորդներ համացանցում ջիհադի կոչ են տարածել, համաձայն որի մուսուլմանական երկրները պետք է սրբազան պատերազմ հայտարարեն Սիրիային, Իրանին և Ռուսաստանին: Հոգևոր առաջնորդները կոչ են անում բարոյական, քաղաքական և ռազմական օգնություն տրամադրել Սիրիայում կռվող իսլամիստներին, որոնց անվանում են <<Սիրիայի սուրբ զինվորներ>>: <<Եթե նրանք պարտություն կրեն, ապա հերթը կհասնի սունի իսլամ դավանող մյուս պետություններին>>- բացատրում են հայտարարության մեջ: Ռուսական ռազմական օդուժի կողմից իսլամիստների դիրքերի ռմբակոծումը անվանել են <<ուղղափառ խաչակրաց արշավանք>> և համեմատել են Աֆղանստանում ԽՍՀՄ-ի վարած պատերազմի հետ: Մուսուլման առաջնորդները Սաուդյան Արաբիայի բնակիչներին կոչ չեն անում անձամբ մասնակցել այդ պատերազմին, սակայն չեն էլ արգելում այդ նպատակի համար Սիրիա գնալ: Նշենք, որ Սաուդյան Արաբիան Պարսից ծոցի մյուս երկրների հետ միասին աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող <<Սիրիայի ազատ բանակ>> խմբավորմանը, որը համարվում է իբրև թե ոչ ծայրահեղական: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորվող <<Իսլամի բանակ>> խմբավորումը պատերազմ էր հայտարարել Ռուսաստանին: Ի պատասխան պաշտոնական Մոսկվայի հասցեին հնչող քննադատությունների, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր.<<Մեզ դեռևս ոչ ոք չի տեղեկացրել, թե որտեղ և ինչպես է գործում այդ բանակը, կամ էլ ոչ ծայրահեղական համարվող մյուս խմբավորումները>>: