Ռուսաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների միության (հիսունականների) ղեկավար եպիսկոպոսի պաշտոնում վերընտրվել է Սերգեյ Ռյախովսկին: << Հոգևոր խորհրդի կողմից առաջադրված եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկու թեկնածության օգտին միաձայն են քվեարկել , դեմ և ձեռնպահ չի եղել>>-ասել է Ավետարանական հավատքի քրիստոնյաների միության մամուլի ծառայության ղեկավար Անտոն Կրուգլիկովը: Ընտրությունը կատարվել է Մոսկվայում կայացած Ավետարանական հավատքի քրիստոնյաների միության համաժողովում, որը տեղի է ունենում երեք տարին մեկ անգամ: Համաժողովին մասնակցել էին ավելի քան 350 պատգամավորներ: Նշենք, որ Ռուսաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների միությունը Ռուսաստանի բողոքական խոշորագույն միություններից է: Նրա կազմում են 27 կենտրոնացված կրոնական կազմակերպություններ, գրանցված տեղական ավելի քան 1300 կազմակերպություններ և մոտ 1000 չգրանցված կրոնական խմբեր: Ավետարանական հավատքի եկեղեցիները Ռուսաստանում հայտնվել էին 20-րդ դարի սկզբին: Սակայն խորհրդային ժամանակաշրջանում ծառայողների և հավատացյալների մեծ մասը հալածանքների և ճնշումների էր ենթարկվել, եկեղեցիները փակվել էին: Ավետարանական շարժումը վերածնվեց 1990-ական թվականների սկզբին:Նշենք, որ Սերգեյ Ռյախովսկին ծնվել է 1956թվականին Մոսկվայի շրջանում, հիսունական եպիսկոպոսի ընտանիքում: Նա ընտանիքի 10 երեխաներից ավագն է: 1994 թվականին եպիսկոպոս է դարձել, իսկ 1997 թվականից գլխավորում է Ռուսաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների միությունը: Ս. Ռյախովսկին Ռուսաստանի Հանրային պալատի և նախագահին առընթեր Կրոնական միությունների հետ համագործակցության խորհրդի անդամ է: Աստվածաբանության դոկտոր է: