Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում իր գործունեությունն է սկսել <<Կանայք հանուն կյանքի>> իրավապաշտպան կազմակերպությունը: Դա հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարի և մայրության պաշտպանության կանանց առաջին շարժումն է Ռուսաստանում: << Կազմակերպության նպատակն է կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը, կյանքի իրավունքը, հղիության արհեստական ընդհատումների լիակատար արգելումը և մայրության սոցիալապես արժանավայել պաշտպանությունը>>-ասված է կազմակերպության հայտարարությունում: Կանանց այս շարժումը ցույցեր է կազմակերպելու, անցկացնելու է գիտա-մեթոդական և լուսավորչական աշխատանքներ, օգնություն է տրամադրելու կյանքի դժվարին պայմաններում հայտնված կանանց, հոգեբանական աջակցություն է ցուցաբերելու, անվճար իրավաբանական օգնություն է տրամադրելու , պայքարելու է բուժական այն հաստատությունների դեմ, որոնցում գաղտնի իրականացվում են հղիության արհեստական ընդհատումներ: <<Կանայք հանուն կյանքի>> շարժումը դառնալու է կանանց հասարակական և իրավապաշտպան ամենախոշոր կազմակերպությունը Արևելյան Եվրոպայում: