Ֆիլիպինների կաթոլիկ եպիսկոպոսները իրենց զայրույթն են արտահայտել իսլամիստների կողմից գերևարված մալազիացու սպանության առնչությամբ: Վերջերս հայտնի է դարձել, որ Ֆիլիպինների հարավում գործող իսլամական<< Աբու Սայաֆ>> խմբավորումը գլխատել է մալազիացի գործարար Բերնարդ Թհենին, ում առևանգել էին այս տարվա մայիսին: Եպիսկոպոսներ Մարտին Խումոադը և Դինուալդո Գուտիերեսը հայտարարել էին, որ պետք է բոլոր միջոցները ձեռք առնել երկրում ահաբեկչությունը կանխելու համար: <<Այդ սպանությունը անմարդկային և անբարո գործողություն է: Երբ դիվանագիտական բոլոր միջոցները սպառվել են, ապա կառավարությունը պետք է ավելի վճռական գործի>>-հայտարարել էին եպիսկոպոսները: Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հայտարարել էր, որ ցնցված է այդ սպանությունից և Ֆիլիպինների կառավարությանը կոչ էր արել բոլոր միջոցները ձեռք առնել մարդասպաններին պատժելու համար: Նշենք, որ <<Աբու Սայաֆ>> խմբավորումը միավորում է մուսուլման արմատականներին և գործում է Ֆիլիպինների հարավում: Ավելի վաղ այդ խմբավորումը հայտարարել էրԱլ Քաիդայի հետ իր կապերի մասին: Խմբավորման անդամները առևանգում են մարդկանց հետագայում փրկագնի դիմաց ազատելու համար: Ոստիկանության տվյալներով Բերնարդ Թհենին գլխատել էին, քանի որ նրա հարազատները փրկագին չէին վճարել: