<<Արևմուտքը մեզ դավաճանել է >>- այսպես է մեկնաբանել Սիրիա-կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը Մերձավոր Արևելքում Արևմուտքի վարած քաղաքականությունը: Եգիպտական <<Le Messager>> ամսագրին տված հարցազրույցում Պատրիարքը Արևմտյան երկրներին մեղադրել է, որ հենց նրանք են Սիրիայում շարունակվող անվերջ հակամարտության պատճառը: <<Հաստատել, որ խնդիրը կարելի է լուծել միայն օդային հարվածներով, նշանակում է ստել>>-հայտարարել էր Իգնատիոս Յուսեֆը: Նրա խոսքով սիրիացի քրիստոնյաները բազմիցս զգուշացրել էին, որ Բաշար Ասադի վարչակազմը փոխելը հեշտ չի, սակայն Արևմուտքի քաղաքական գործիչները անտեսեցին զգուշացումները և այդ <<հիմար քաղաքականության>> արդյունքում տարիներ շարունակ մարդկային արյուն է հեղվում: << Մենք, քրիստոնյաներս չենք կարող ապրել այս քաոսում, Արևմուտքը մեզ դավաճանել է>> -ասել էր Պատրիարքը: Նա հայտարարել էր նաև, որ Սաուդյան Արաբիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների ֆինանսավորման շնորհիվ է, որ իսլամական խմբավորումները կարողացան ամրապնդվել Սիրիայում և Իրաքում: << Իսկ հիմա ահաբեկիչները փախստականների տեսքով թափանցում են Եվրոպա: Եվրոպան թող հարվածների սպասի>>-եզրափակել էր Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը: