Ռուսական արշավախմբի ղեկավար Վալերի Լուկինի հրավերով Ռուս եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը փետրվարի 17-ին այցելել էր Անտարկտիդայի Վաթերլո կղզում գտնվող Բելլինգսհաուզենի անվան հետազոտական կայանը: Պատրիարքը աղոթքի ծառայություն էր կատարել Սուրբ Երրորդության տաճարում, որը գտնվում է կայանի տարածքում: Կայանում բնակվում են 15 հետազոտողներ և ուղղափառ քահանան: Պատրիարքը հանդիպել էր նաև տաճարի մյուս այցելուների հետ, կիսվել տպավորություններով: <<Իմ կարծիքով Անտարկտիդան մարդկության համար հրաշալի օրինակ է, որտեղ չկա զենք , ռազմական գործողություններ, իսկ տարբեր երկրների մարդիկ անշահախնդիր օգնում են միմյանց: Սա պետք է օրինակ հանդիսանա ամբողջ աշխարհի համար>>-ասել էր Ռուս եկեղեցու առաջնորդը: Պատրիարքը այցելել էր նաև Արդլի կղզում գտնվող պինգվինների գաղութը: Նրան պատմել էին թռչունների կյանքի և բազմացման մասին: