Լատինական Ամերիկայի երկրներ այցելության շրջանակներում Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը ավարտել է եռօրյա այցը Կուբա: Այցի ընթացքում Պատրիարքը հանդիպել էր երկրի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ, այցելել էր Ֆիդել Կաստրոյին և զրուցել ավելի քան մեկ ժամ: Պատրիարք Կիրիլը պատարագ էր մատուցել Հավանայի Մարիամ Աստվածածին ուղղափառ տաճարում, որից հետո այցելել էր մանկական վերականգնողական կենտրոն: Փետրվարի 14-ի ուշ երեկոյան Ռուս եկեղեցու առաջնորդը մեկնել է Պարագվայ, որտեղ բնակվում են հեղափոխությունից հետո Ռուսաստանից հեռացած էմիգրանտների` մեծամասամբ ցարական բանակի սպաների սերունդները: Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում Պատրիարքը պատարագ է մատուցելու, այցելելու է ռուսական գերեզմանատուն: << Ես հիշելու եմ այդ մարդկանց, ովքեր ստիպված են եղել հեռանալ Ռուսաստանից և նրանց երկրորդ հայրենիքը դարձել է Պարագվայը: Ռուսաստանը և Պարագվայը ունեն քրիստոնեական զորեղ ավանդույթներ >>-ասել է Պատրիարք Կիրիլը: Պարագվայից հետո նա մեկնելու է Բրազիլիա: