Փետրվարի 12 –ին  Պատրիարք Կիրիլի հետ հանդիպումից հետո Ֆրանցիսկ I-ը մեկնել էր Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո: Օդանավակայանում նրան դիմավորել էին Մեքսիկայի նախագահ Էնրիկե  Պենիա Նիետոն, կառավարության անդամներ, դիվանագետներ, երկրի կաթոլիկ հոգևորականության բարձրաստիճան ներկայացուցիչներ և հազարավոր մեքսիկացիներ: Հաջորդ օրը  հանդիսավոր  ընդունելություն էր կազմակերպվել նախագահական պալատում: Իր ելույթում Պապը  հայտարարել էր, որ  հասարակության միայն ընտրյալ անդամների համար բարիքներ ստեղծելու փորձերը  հանգեցնում են կոռուպցիայի, թմրանյութերի առևտրի, հանցագործությունների և  բռնությունների ծաղկմանը: Ֆրանցիսկ I-ը նշել էր, որ Մեքսիկայում  հանցագործությունների   դեմ պայքարում  կառավարությանը պատրաստ է աջակցել  երկրի  կաթոլիկ եկեղեցին: Այդ նույն  օրը Պապը հանդիպել էր նաև կաթոլիկ եպիսկոպոսների հետ: Նա հոգևորականությանը կոչ էր արել  չթաքնվել  թմրանյութերի մաֆիայի սպառնալիքից, այլ համարձակորեն պայքարել այդ չարիքի դեմ: Ֆրանցիսկ I-ը  թմրանյութերի տարածումը  համեմատել էր չարորակ ուռուցքի հետ,  որը ներսից քայքայում, ոչնչացնում է Մեքսիկայի հասարակությանը:  Հանդիպումից հետո Կաթոլիկ Հովվապետը պատարագ էր մատուցել Մեխիկոյի Մարիամ Աստվածածին հայտնի տաճարում, որին ներկա էր եղել ավելի քան 30 հազար մարդ: Փետրվարի 14-ին Հռոմի Պապը պատարագ էր մատուցել  Մեխիկոյի Էկատեպեկա  արվարձանում, որտեղ  մեծ թվով ծանր հանցագործություններ են կատարվում:  Պապի  հնգօրյա այցը շատ հագեցած է: Փետրվարի 15-ին նա մեկնում է  Մեքսիկայի հարավային Չյապաս նահանգը,որտեղ պատարագ է մատուցելու տեղի հնդկացի ցեղերի համար: Նշենք, որ Պապի անվտանգությունը ապահովելու  համար Մեքսիկայի կառավարությունը ձեռնարկել է  աննախադեպ խստացված միջոցներ: Միայն Մեխիկոյում  Ֆրանցիսկ I-ի անվտանգությունը պահպանել են ավելի քան 20 հազար ոստիկաններ և ուժային կառույցների աշխատակիցներ: