Christian Post-ի համաձայն` Պակիստանի Գերագույն դատարանը որոշում է ընդունել փոփոխություներ կատարել աստվածանարգության վերաբերյալ օրենքում, որը շատ հաճախ կիրառում են կրոնական փոքրամասնություններին` հատկապես քրիստոնյաներին հալածելու, բանտարկելու համար: Դատարանը այն եզրակացության էր հանգել, որ երկրում կրոնական հանդուրժողականությունը հասել է զրոյական մակարդակի, իսկ դա վնասում է օրենքի գերակայությանը Պակիստանում: Երկրի իրավապաշտպանները և քրիստոնյա ակտիվիստները իրենց ուրախությունն են հայտնել դատարանի որոշման վերաբերյալ: << Երկար տարիներ քրիստոնյաները և կրոնական մյուս փոքրամասնությունները աստվածանարգության կեղծ մեղադրանքներով բանտարկվում էին, հալածվում, տանջվում բանտերում: Այս որոշումը դրական քայլ է իրավիճակի բարելավման ուղղությամբ>>-ասել էր «International Christian Concern» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Վիլյամ Սթարկը: Քրիստոնյա ակտիվիստները հույս են հայտնել, որ օրենքի փոփոխությունը կպաշտպանի քրիստոնյաներին մուսուլմանական ծայրահեղականությունից: Նշենք, որ աստվածանարգության օրենքից հատկապես խիստ տուժում են Պակիստանի քրիստոնյաները: Օրինակ Ասիա Բիբիին մահապատժի են դատապարտել այն բանից հետո, երբ մի խումբ մուսուլման կանայք Ասիային մեղադրել էին իրենց հավատքը վիրավորելու համար: Ինչպես գիտենք այս տարվա հուլիսին Պակիստանի Վճռաբեկ դատարանը հետաձգել էր մահապատժի իրականացումը: