Փետրվարի 29-ին Պակիստանում կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկել իսլամիստ Մումթազ Կադրիին: Նա Փենջաբի նահանգապետ Սալման Թասիրի թիկնապահն էր: Կադրին 2011թվականի հունվարին սպանել էր Թասիրին,քանի որ նահանգապետը պաշտպանել էր աստվածանարգության կեղծ մեղադրանքով մահապատժի դատապարտված քրիստոնյա Ասիա Բիբիին: Պակիստանում ծայրահեղական իսլամիստները Մումթազ Կադրիին հերոս են համարում, ուստի իշխանությունները մահապատժի ժամանակ ձեռք էին առել անվտանգության խստացված միջոցներ: Երկրի մի շարք նահանգներում թիկնապահ այդ մարդասպանին մահապատժի ենթարկելու դեմ բողոքի ցույցեր անցկացվեցին , իսկ պակիստանյան դատարանները մեկօրյա գործադուլ հայտարարեցին: Մումթազ Կադրիի նկատմամբ Պակիստանի դատարանը մահապատժի դատավաճիռ էր ընդունել 2011 թվականի հոկտեմբերին: Նրա փաստաբանները 5տարի շարունակ պայքարում էին մարդասպանի կյանքը փրկելու համար: Բազմաթիվ բողոքներ էին ուղարկել երկրի դատական տարբեր ատյաններ: Սակայն երկրի Գերագույն դատարանը մերժել էր բողոքը, հանցագործին մերժել էր ներել նաևՊակիստանի նախագահ Մամնուն Հուսեինը: Նշենք, որ իսլամիստ ծայրահեղականների կողմից 2011թվականի մարտին սպանվել է նաև Պակիստանում առաջին քրիստոնյա նախարար Շահբազ Բհատին: Նա հանդես էր գալիս աստվածանարգության օրենքը վերացնելու համար և նույնպես պաշտպանել էր Ասիա Բիբիին, ով մինչ օրս գտնվում է բանտում: Նախորդ տարի Պակիստանի ՎՃռաբեկ դատարանը կասեցրել է Ասիայի մահապատժի դատավճռի իրականացումը: