Պակիստանի դատարանը մահապատժի է դատապարտել քրիստոնյա ամուսինների: Շաֆկաթ Էմանուել Մասիհին և նրա կնոջը`Շահուֆտ Քաուսարին մեղադրում են աստվածանարգության հոդվածի համաձայն: Նրանք իբրև թե աստվածանարգող հաղորդագրություններ են ուղարկել մուսուլման հոգևորականների: Ամուսինները բողոքարկել են դատարանի վճիռը: Գերագույն դատարանը մտադիր է բողոքը քննարկել մարտի 5-ին: Deccan Chronicle-ի տեղեկացմամբ Շաֆքաթ Մասիհը անդամալույծ է, ոտքերը կաթվածահար են և բանտում նրա առողջական վիճակը վատացել է: Նշենք, որ ամուսիններին ձերբակալել են 2013 թվականի հուլիսին: Դատարանում վկայություն էին տվել մուսուլման հոգևոր երկու առաջնորդներ: Նրանք պնդում էին, որ աստվածանարգող հաղորդագրություններ էին ստացել Շահուֆտ Քաուսարին պատկանող հեռախոսահամարից: Քրիստոնյա ամուսինների շահերը պաշտպանող World Vision in Progress իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է.<<Ոչ մի ապացույց չկա, որ հաղորդագրությունները ուղարկվել են ամուսիններին պատկանող հեռախոսից: Նախ նրանք հեռախոսը կորցրել էին այդ դեպքից մի քանի ամիս առաջ, բացի դա SIM քարտը նրանց անունով չի ձևակերպված>>: Հետաքննության ժամանակ ամուսինները դաժան կտտանքների պատճառով ստիպված էին եղել ընդունել առաջադրված մեղադրանքը: Իրավապաշտպանների խոսքով Պակիստանի դատարաններում աստվածանարգության մեղադրանքի հետ կապված մեղադրող կողմը ոչ մի էական ապացույցներ չի ներկայացնում և դատարանը մահապատժի դատավճիռ է կայացնում տեղի ցեղերի և իսլամական հասարակության նորմերի ազդեցության հետևանքով: