Պակիստանի Գերագույն դատարանը  որոշում է ընդունել  դադարեցնել  Իսլամաբադի քրիստոնեաբնակ աղքատ թաղամասերի  քանդումը: Նման որոշում  կայացվեց  Awami Workers Party կազմակերպության իրավապաշտպանների կողմից  բողոքի դիմում ներկայացնելուց հետո: Ի դեպ այդ կազմակերպության  անդամների գերակշիռ մասը մուսուլմաններ են: Բացի դա իրավապաշտպանները հասարակական   մեծ հնչեղություն էին տվել  քրիստոնյաներով բնակեցված աղքատ թաղամասերը քանդելու քաղաքային իշխանությունների  ընդունած այդ որոշմանը:   Թաղամասերը քանդելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Capital Development Authority’s կառավարական կազմակերպությունը: Երբ դատարանը խնդրել էր հիմնավորել թաղամասերը քանդելու անհրաժեշտությունը, այդ կազմակերպության պաշտոնյաները  պատասխանել էին. «Թաղամասերում մեծամասամբ քրիստոնյաներ են բնակվում: Կարծում ենք, որ նրանք կշարունակեն  բնակության այլ տարածքներ գրավել: Ուստի  քրիստոնեական  աղքատ թաղամասերի ոչնչացումը շատ կարևոր է Իսլամաբադի քաղաքացիների համար բարենպաստ կենցաղային պայմաններ ստեղծելու  և իսլամի անաղարտությունը  պաշտպանելու համար»: Նման պատասխանը զայրույթի ալիք էր բարձրացրել Պակիստանի իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում: Awami Workers Party-ի քարտուղար Ամմար Ռաշիդը այդ պատասխանը համարել էր  արհամարհական: «Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը  պատկանում է բոլոր քաղաքացիներին, այլ ոչ միայն այդ կազմակերպության բյուրոկրատ պաշտոնյաներին: Ժամանակն է վերջ տալու  փոքրամասնությունների նկատմամբ նման  վերաբերմունքին» -ասել էր Ամմար Ռաշիդը: