Պակիստանի Գերագույն դատարանը որոշում է ընդունել դադարեցնել Իսլամաբադի քրիստոնեաբնակ աղքատ թաղամասերի քանդումը: Նման որոշում կայացվեց Awami Workers Party կազմակերպության իրավապաշտպանների կողմից բողոքի դիմում ներկայացնելուց հետո: Ի դեպ այդ կազմակերպության անդամների գերակշիռ մասը մուսուլմաններ են: Բացի դա իրավապաշտպանները հասարակական մեծ հնչեղություն էին տվել քրիստոնյաներով բնակեցված աղքատ թաղամասերը քանդելու քաղաքային իշխանությունների ընդունած այդ որոշմանը: Թաղամասերը քանդելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Capital Development Authority’s կառավարական կազմակերպությունը: Երբ դատարանը խնդրել էր հիմնավորել թաղամասերը քանդելու անհրաժեշտությունը, այդ կազմակերպության պաշտոնյաները պատասխանել էին. «Թաղամասերում մեծամասամբ քրիստոնյաներ են բնակվում: Կարծում ենք, որ նրանք կշարունակեն բնակության այլ տարածքներ գրավել: Ուստի քրիստոնեական աղքատ թաղամասերի ոչնչացումը շատ կարևոր է Իսլամաբադի քաղաքացիների համար բարենպաստ կենցաղային պայմաններ ստեղծելու և իսլամի անաղարտությունը պաշտպանելու համար»: Նման պատասխանը զայրույթի ալիք էր բարձրացրել Պակիստանի իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում: Awami Workers Party-ի քարտուղար Ամմար Ռաշիդը այդ պատասխանը համարել էր արհամարհական: «Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը պատկանում է բոլոր քաղաքացիներին, այլ ոչ միայն այդ կազմակերպության բյուրոկրատ պաշտոնյաներին: Ժամանակն է վերջ տալու փոքրամասնությունների նկատմամբ նման վերաբերմունքին» -ասել էր Ամմար Ռաշիդը: