Christian Today-ի համաձայն` ընթացիկ տարվա վերջին Սերբիայի ավելի քան 4 հազար զինծառայողներ նվեր են ստանալու Նոր Կտակարանի գրքեր: Սերբիայի զինված ուժերի կրոնական բաժնի ղեկավար, գնդապետ Սաշա Միլուտինովիչը հայտարարել է, որ Նոր Կտակարանի ընթերցումը կօգնի բանակում հաստատել բարոյական բարձր սկզբունքները և կդադարեցնի պատերազմական հանցագործությունները: Նրա խոսքով Կտակարանը զինվորներին կսովորեցնի հարգել հակառակորդին: <<Հուսով եմ, որ սերբական բանակում երբեք չենք տեսնի ռազմական հանցագործություններ: Անցյալում մենք որոշ սխալներ ենք կատարել: Ներկայումս ոչ միայն ցանկանում ենք բարելավել մեր բարքերը, այլ նաև վերադառնալ քրիստոնեական մեր հավատքին և հավերժական արժեքներին>>-ասել էր գնդապետը: Սերբ զինծառայողների համար Նոր Կտակարանների առաջին խմբաքանակի ստացումը ֆինանսավորել է Աստվածաշնչյան ընկերության բրիտանական մասնաճյուղը: Գնդապետ Միլուտինովիչի խոսքով ժամանակի ընթացքում բոլոր 33 հազար սերբ զինվորները Նոր Կտակարան կստանան: << Ես հավատացած եմ, որ Աստվածաշունչը մեր զինվորների համար կդառնա հոգևոր և բարոյական ուղեցույց>>-ասել էր Սերբիայի Աստվածաշնչյան ընկերության գլխավոր քարտուղար Վերա Միտիչը: Նշենք, որ սերբ զինծառայողներին մեղադրել էին 1992-95թվականներին Բոսնիայի պատերազմի ժամանակ կատարած դաժանությունների համար: