UCA News լրատվական գործակալության տեղեկացմամբ` Բանգլադեշի հյուսիսային Կարմարպարա բնակավայրում արմատական մուսուլմանների ամբոխը հրկիզել է կաթոլիկ 4 ընտանիքների տները: Կատաղած ամբոխը հրդեհելուց առաջ կաթոլիկներին փակել էր նրանց սեփական տներում: Բարեբախտաբար քրիստոնյաներին հաջողվել էր կրակով բռնկված տներից դուրս գալ հարևանների օգնությամբ: << Արդեն մեկ տարուց ավելի հարևան գյուղի երիտասարդ մուսուլմանները մեզ մեղադրում են կախարդության համար և պահանջում են, որ հեռանանք: Մեզ հրապարակավ վիրավորում էին, քարեր նետում մեր տների վրա>>-պատմել էր տուժած քրիստոնյաներից մեկը: Նշենք, որ Կարմարպարա բնակավայրում ապրում են մոտ 300 կաթոլիկներ, ովքեր նախկին հիդուիստներ են: Նրանք քրիստոնեություն են ընդունել մի քանի տասնյակ տարիներ առաջ: