Ընթացիկ տարվա հոկտեմբերի 28-30-ը Մոսկվայում կանցկացվի հալածվող քրիստոնյաների պաշտպանության միջազգային համաժողով: Համաժողովը կազմակերպելու  գաղափարը  պատկանում է միջազգային հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմին: Այս մասին ասված  է Ռուս ուղղափառ եկեղեցու և Բիլի Գրեհեմի անվան ավետարանական միության համատեղ հայտարարությունում: Կազմակերպիչների տեղեկացմամբ`  համաժողովին մասնակցելու է մոտ  1000 պատվիրակ  ավելի քան 150 երկրներից: <<Այս միջոցառման կազմակերպման պատճառը ներկայումս Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և աշխարհի մյուս տարածաշրջաններում քրիստոնյաների դեմ աննախադեպ զանգվածային հալածանքներն են, որոնք կարող են համեմատվել  առաջին դարի հալածանքների հետ: Նման լայնամասշտաբ չարագործությունները չեն կարող  ուշադրության  չարժանանալ  քրիստոնեական համայնքների կողմից>>-ասված է հայտարարությունում: Ռուս ուղղափառ եկեղեցին և Բիլի Գրեհեմի անվան ավետարանական միությունը  հուսով են, որ լայնամասշտաբ միջոցառումը  հնարավորություն կտա  համակողմանիորեն  քննարկել  այդ խնդիրը և իրավիճակը փոխել: Նշենք, որ նախորդ տարվա աշնանը Ռուսաստան կատարած այցի ժամանակ Ֆրանկլին Գրեհեմը   համաժողով անցկացնելու գաղափարը քննարկել էր Ռուս եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլի  և Սինոդի եկեղեցական արտաքին կապերի բաժնի վարիչ, միտրոպոլիտ Իլարիոնի հետ: