1517թվականի հոկտեմբերի 31-ին Մարտին Լյութերը իր 95թեզիսները փակցրել էր Վիտտենբերգի տաճարի դռանը: Բողոքական շատ եկեղեցիներ դա տոնում են հոկտեմբերի վերջին կամ էլ նոյեմբերի առաջին կիրակի օրը: Այս տարի տոնը համընկավ նոյեմբերի 1-ին: Այդ օրվա կապակցությամբ Christian Post կայքը հրապարակել է մի քանի հետաքրքիր փաստեր Ռեֆորմացիայի վերաբերյալ:
1.Մարտին Լյութերը վիճարկում էր պապական ինդուլգենցիայի գաղափարը ոչ թե Կաթոլիկ եկեղեցուց առանձնանալու նպատակով, այլ Սուրբ Գրքի ճիշտ մեկնաբանության համար` հատկապես ապաշխարության գաղափարի:Այդ ժամանակ կաթոլիկ որոշ հոգևորականներ ինդուլգենցիաներ էին վաճառում, խոստանալով, որ դրանցով կներվեն մարդկանց անցյալ և ապագա բոլոր մեղքերը: Մարտին Լյութերը դեմ էր հանդես գալիս փրկության, ներման և ապաշխարության նման առք ու վաճառքին:
2.Լյութերը Աստվածաշունչը թարգմանեց գերմաներեն լեզվով, ինչը Սուրբ Գիրքը հասանելի դարձրեց ժողովրդի համար: Նոր Կտակարանի թարգմանության աշխատանքները ավարտել էր 1522 թվականին, իսկ 1534 թվականին ավարտել էր Հին Ուխտի թարգմանությունը:
3.Ռեֆորմացիայի օրը ազգային տոն է Չիլիում: Այդ երկրում, որը ժամանակին ամբողջապես կաթոլիկ էր, ներկայումս բուռն զարգացում է ապրում բողոքականությունը` հատկապես հիսունական շարժումը:
- Մարտին Լյութերը կաթոլիկ էր,երբ Վիտտենբերգի տաճարի դռանը փակցնում էր իր թեզիսները: Նա ցանկանում էր բարեփոխել կրոնական ավանդույթները: Այդ ժամանակ Լյութերը կաթոլիկ հոգևորական էր և աստվածաբանություն էր դասավանդում Վիտտենբերգի համալսարանում: Նա իր թեզիսները տարածեց ամբողջ Եվրոպայում հույս ունենալով, որ դրանք բանավեճեր կառաջացնեն, որոնք կհանգեցնեն կրոնական ավանդույթների վերանայմանը: