Դեկտեմբերի 8-ին հազարավոր կաթոլիկներ էին հավաքվել Սուրբ Պետրոսի հրապարակում մասնակցելու Գթասրտության հոբելյանական տարվա կամ Սուրբ տարվա բացման հանդիասավոր արարողությանը: Արարողության սկզբում Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը Սուրբ Պետրոսի տաճարում հանդիսավոր բացեց Սուրբ Դուռը, որից հետո հրապարակում պատարագ մատուցեց, որին ներկա էր ավելի քան 70հազար մարդ: Հանդիսությանը մասնակցում էին նախկին` Բենեդիկտոս 16-րդ Պապը, Իտալիայի նախագահը, վարչապետը, կառավարության անդամներ, քաղաքական, հասարակական գործիչներ: Դեկտեմբերի 13-ին Սուրբ Դռներ բացվելու են նաև մյուս երեք խոշոր`Լաթերանյան, Սուրբ Մարիամ Աստվածածնի և Սուրբ Պողոսի տաճարներում: Գթասրտության հոբելյանական տարում շեշտը դրվելու է գթասրտության և կարիքավորներին օգնելու վրա: Յուրաքանչյուր հոբելյանական տարվա բաղկացուցիչ մասն է կազմում Սուրբ Դռան բացման արարողությունը, որի խորհուրդը մեղքերի ներումն է: Սուրբ Դուռ գոյություն ունի կաթոլիկ բոլոր խոշոր տաճարներում: 24 տարի շարունակ այդ դռները փակ են պահվում և բացվում են միայն Հոբելյանական տարում: Ի դեպ Հոբելյանական տարվա բացման հանդիսավոր արարողությունը և Սուրբ Պետրոսի հրապարակում Ֆրանցիսկ I-ի մատուցած պատարագը անցկացվել էին անվտանգության աննախադեպ խստացված միջոցառումների պայմաններում: Հանդիսությունների անվտանգությունը ապահովում էին ավելի քան 2 հազար իրավապահներ: Տեղեկացնենք, որ Սրբազան տարին նշելու ավանդությունը սկսվել է Բոնիֆացիոս 8-րդ Պապի ժամանակ: Առաջին անգամ սուրբ տարի է անցկացվել 1300 թվականին: Սկզբում որոշվել էր հոբելյանական տարին անցկացնել հարյուր տարին մեկ անգամ, սակայն հետագայում, 1470 թվականին Պողոս 2-րդ Պապի որոշմամբ Սուրբ տարին սկսել են նշել 25 տարին մեկ անգամ, որպեսզի յուրաքանչյուր սերունդ կարողանա մասնակցել հոբելյանական տարվա: Վերջին անգամ Հոբելյանական տարին նշվել է 2000 թվականին`Հովհաննես Պողոս II Պապի որոշմամբ: Գթասրտության այս հոբելյանական տարին արտահերթ է: