Վատիկանում ավարտվել է Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու ընտանիքի հարցերին նվիրված եպիսկոպոսների ժողովը: Վերջին նիստում հաստատվել էր եզրափակիչ զեկույցը, որը պատրաստել էր Ֆրանցիսկ I–ի կողմից նշանակված 10 եպիսկոպոսներից կազմված հատուկ հանձնաժողովը: 94 կետերից կազմված այդ զեկույցի համաձայն եկեղեցին մերժում է միասեռ ամուսնությունները, միաժամանակ նշելով, որ անհրաժեշտ է հարգել յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը` անկախ նրա սեռական ուղղվածությունից: Փաստաթղթում բացարձակ անհանդուրժողական վերաբերմունք է դրսևորված մանկապղծության նկատմամբ, իսկ կրկնակի ամուսնությունների կոնկրետ դեպքերով պետք է զբաղվեն տեղի համայնքների հոգևորականները: Ընտանեկան բռնությունների հարցում էլ անհրաժեշտ է համագործակցել իրավապահների հետ: Նշենք, որ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների 14-րդ այս համաժողովը նվիրված էր ընտանիքի հարցերին, եկեղեցու և հասարակության կյանքում ընտանիքի ունեցած դերին: Ժողովին մասնակցում էին 270 պատգամավորներ այդ թվում 74 կարդինալներ, 102 եպիսկոպոսներ , փորձագետներ և հոգևորականներ: Քննարկումներին ներկա էին եղել ամուսնական 18 զույգեր, ովքեր իրենց կարծիքն էին հայտնել ժամանակակից ընտանիքի պրոբլեմների վերաբերյալ: