Ամերիկյան Կենտուկի նահանգի դատարանը վճիռ է ընդունել կալանավորել քաղաքային վարչության ամուսնությունների գրանցման բաժնի աշխատակցուհի Կիմ Դևիսին այն բանի համար, որ նա հրաժարվում է ամուսնության վկայականներ տալ միասեռ զույգերին: Կիմը հայտարարել է, որ միասեռ ամուսնությունները դեմ են իր կրոնական համոզմունքներին: Նրա կարծիքով համասեռամոլների ամուսնությունները խախտում են Աստծո օրենքը և այդ պատճառով ինքը հրաժարվում է կատարել իր մասնագիտական պարտականությունները: Նշենք, որ ընթացիկ տարվա օգոստոսին Կիմ Դևիսը արդեն կանգնել էր դատարանի առաջ նույն մեղադրանքով: Այդ ժամանակ դատարանը վճռել էր, որ անկախ իր համոզմունքներից Կիմը պետք է գրանցի միասեռ զույգերի ամուսնությունները, հակառակ դեպքում կալանքի կենթարկվի` դատարանի որոշմանը չենթարկվելու համար: Սակայն Կիմ Դևիսը չի կատարել դատարանի վճիռը և նրան բանտարկել են: Սակայն Դևիսին կարող են ազատ արձակել, եթե նա փոխի իր դիրքորոշումը և գրանցի միասեռ ամուսնությունները: << Իմ խիղճը թույլ չի տալիս դա անել, Աստծո բարոյական օրենքները դատապարտում են այդ ամուսնությունները:>>-ասել էր Կիմ Դևիսը: