Իսրայելում ավարտվել է քրիստոնեական 47 դպրոցների երեք շաբաթ տևած գործադուլը: Դպրոցներ են վերադարձել մանկավարժները և 33 հազար աշակերտները: Իսրայելում քրիստոնեական դպրոցների հարցերով զբաղվող բաժինը և կրթության նախարարությունը ընդառաջ են գնացել քրիստոնյա ծնողներին: Երուսաղեմի պատրիարքության ներկայացուցիչ, մոնսինյոր Մարկուցոյի խոսքով` քրիստոնեական դպրոցների նկատմամբ խտրական վերաբերմունքի դեմ բողոքող ծնողների և մանկավարժների ձայնը լսվել է: <<Հնարավոր եղավ համաձայնության հասնել բոլոր մակարդակներում միասնության, համագործակցության և համերաշխության շնորհիվ: Ընտանիքները, քաղաքապետարանները, արհմիությունները, արաբները, հրեաները, մուսուլմաններն ու քրիստոնյաները ձգտում էին մեկ նպատակի` քրիստոնեական դպրոցների գոյության իրավունքին>>-ասել էր մոնսինյոր Մարկուցոն: Նշենք, որ բողոքի ակցիաների պատճառը քրիստոնեական դպրոցներին կառավարության կողմից տրվող դոտացիաների կրճատումն էր, ինչի հետևանքով բարձրացել էր ուսման վարձը: Ըստ ձեռք բերված համաձայնության կրթության նախարարությունը նախապես տրամադրել է 12 միլիոն եվրո դոտացիա և խոստացել է ստեղծել քրիստոնեական դպրոցների խնդիրները կարգավորող հատուկ հանձնաժողով: