Ամերիկյան խորհրդատվական  <<The Sultan Group>>  ընկերության  հրապարակած հաշվետվության համաձայն  միջազգային հանրությանը չի հաջողվել մեկուսացնել  <<Իսլամական պետություն>> խմբավորմանը: Ըստ այդ փաստաթղթի` վերջին մեկ տարվա ընթացքում  խմբավորման շարքերում  կռվող օտարերկրացի գրոհայինների թիվը կրկնապատկվել է` կազմելով ավելի քան 27 հազար մարդ: Հաշվետվության հեղինակների կարծիքով << Իսլամական պետությունը>>  դարձել է առաջին գլոբալ ահաբեկչական ֆենոմենը: Խմբավորման գրոհայինների  մեծ մասը` ավելի քան 8 հազար մարդ Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից են: Մոտ 5 հազարը եվրոպացիներ են, նույնքանն էլ ԱՊՀ երկրների քաղաքացիներ են: Ըստ այդ զեկույցի գրոհայինների 30%-ը վերադառնում է  տուն, ինչը սպառնալիք է հանդիսանում եվրոպական պետությունների անվտանգությանը:  <<Amnesty International>> իրավապաշտպան կազմակերպությունն էլ ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ<< Իսլամական պետությունը>> զավթել է իրաքյան  բանակի մեծքանակի զենք և զինամթերք: Այդ զենքի և տեխնիկայի մեծ մասը ամերիկյան արտադրության են`այդ թվում տանկեր և զրահամեքենաներ: Սակայն իսլամիստների զինապահեստում  կան ավելի քան 25 երկրների արտադրության զենքեր: Սակայն գրոհայինների նախընտրած հրաձգային զենքը ռուսական արտադրության Կալաշնիկով ինքնաձիգն է: <<Amnesty International>> կազմակերպության կարծիքով որոշ պետությունների կողմից  իսլամիստ գրոհայինններին զենքի և զինամթերքի  անարգել մատակարարումը ուժեղացնում է  նրանց դիրքերը և հնարավորություն տալիս շարունակելու  անմարդկային հանցագործությունները և բռնությունները: