Իրաքի Արդարադատության նախարարությունը արտակարգ միջոցներ է ձեռք առնում` պաշտպանելու երկրից հեռացած քրիստոնյաների անշարժ գույքը անօրինական ճանապարհներով այլ անձանց սեփականությունը դառնալուց: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Հայդար Ազ Զամիլին: Մասնավորապես ավելի խիստ հսկողություն է սահմանվելու քրիստոնյաներին պատկանող անշարժ գույքի գործարքների նկատմամբ, որպեսզի բացառվի կտակների հետ կապված խարդախությունները և դրանց անօրինական օգտագործումը: Այսուհետ անշարժ գույքը կարող է վաճառել միայն սեփականատերը կամ էլ նրա ընտանիքի ներկայացուցիչը: Վերջին տարիներին Իրաքի մի շարք քաղաքներում, հատկապես Բաղդադում և Քիրքուկում երկրից հեռացած քրիստոնյաների տները և հողատարածքները կեղծ փաստաթղթերով ձեռք են բերել մուսուլմանները`հույս ունենալով, որ օրինական տերերը այլևս չեն վերադառնա Իրաք: Այդ խարդախ գործարքներում իրենց մեծ դերն են ունեցել կոռումպացված պաշտոնյաները: Այս տարվա ամռանը Իրաքի կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոն Իրաքի իշխանություններին կոչ էր արել երաշխավորել քրիստոնյաներին պատկանող սեփականության անձեռնմխելիությունը: