Վատիկանը պաշտոնապես հայտարարել է, որ ընթացիկ տարվա հուլիսի 27-31-ը Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը կայցելի Լեհաստան ` մասնակցելու Կրակովում կայանալիք Երիտասարդության համաշխարհային օրվա միջոցառմանը: Չնայած Վատիկանը չի հաղորդել Պապի այցի ծրագրի մասին, սակայն լեհական մամուլը արդեն տեղեկացնում է այցի որոշ մանրամասնությունների վերաբերյալ: Առաջին օրը Ֆրանցիսկ I-ը հանդիպելու է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի , իսկ հետո կաթոլիկ եպիսկոպոսների հետ: Հաջորդ օրը կաթոլիկ Հովվապետը պատարագ է մատուցելու Լեհաստանի քրիստոնեություն ընդունելու 1050-ամյակի կապակցությամբ, ապա մասնակցելու է Երիտասարդության համաշխարհային օրվա միջոցառմանը: Այցի շրջանակներում Պապը այցելելու է նաև Օսվենցիումի համակենտրոնացման ճամբար: Նշենք, որ Հովհաննես Պողոս II-ը պապության տարիներին 9 անգամ այցելել էր իր հայրենիքը` Լեհաստան: 2006թվականին Լեհաստան էր այցելել նաև Բենեդիկտոս 16-րդ Պապը: