Սեպտեմբերի 22-ին Հռոմի Պապը հնգօրյա այցով ժամանել է Վաշինգտոն: Ֆրանցիսկ I-ի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ավիաբազայում: Կաթոլիկ Հովվապետին դիմավորել էին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը իրենց կանանց հետ: Օբաման Պապին ներկայացրել էր նաև իր դստրերին, որից հետո Պապին ողջունել էին պաշտոնական անձինք և հոգևորականներ: Ֆրանցիսկ I-ին դիմավորելու համար ավիաբազայի տարածք էին եկել հարյուրավոր հավատացյալներ: Հանդիպման պաշտոնական արարողությունը կայանալու է Սպիտակ Տանը, որին մասնակցելու են 15 հազար հյուրեր: Այցի շրջանակներում Պապը բանակցելու է նախագահ Օբամայի հետ, պատարագներ է մատուցելու մի քանի տաճարներում, ելույթ է ունենալու Կոնգրեսում, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում, իսկ Ֆիլադելֆիայում մասնակցելու է Ընտանիքի համաշխարհային օրվա միջոցառմանը: