Սեպտեմբերի 22-ի երեկոյան հրեաները ողջ աշխարհում  սկսել են տոնել Յոմ Կիպուրը` հրեական   կարևորագույն տոներից մեկը, որին այլ կերպ անվանում են Դատաստանի օր կամ Մեղքերի թողության օր: Հրեական օրացույցով այս տոնը սկսվում է թշրի ամսի տասներորդ օրը, երբ ավարտվում է հրեաների զղջման տասներորդ օրը, որը սկսվել էր հրեական Նոր տարվա` Ռոշ Աշանի օրը: Չնայած դրան, Յոմ Կիպուրը  չի համարվում  տխրության և վշտի օր, որովհետև  Թալմուդի համաձայն հենց այդ ժամանակ  է Մովսեսը ստացել  պատվիրանները: Թորան պատվիրում է  Յոմ Կիպուրի օրը ոչ մի աշխատանք չանել, ծոմ  պահել, խուսափել  բոլոր տեսակի հաճույքներից:  Տոնի կապակցությամբ  Ռուսաստանի գլխավոր Րաբբի Բերլ Լազարը դիմել էր հրեաներին` նշելով, որ Յոմ Կիպուրի ժամանակ զղջման աղոթքը  հատուկ զորություն ունի: <<Թող այս օրը մեր աղոթքների շնորհիվ  բացվեն մեր սրտերը,  թող  Աստված մեր սրտերում տեսնի միայն  ճիշտ գործեր կատարելու վճռականություն>>- հայտարարել էր Բեռլ Լազարը:  Իսկ Ռուսաստանի  հրեական համայնքների դաշնության նախագահ Ալեքսանդր Բորոդան իր բարեմաղթանքում ասել էր. <<Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուրս  անկեղծորեն անցնի  զղջման այս ոչ հեշտ ուղին, որի արդյունքում  մենք կարող ենք հասնել  բարոյականության մի նոր աստիճանի>>:  Նշենք, որ տոնի նախօրեին ավանդաբար  առատ զոհաբերություններ են կատարվում բարեգործական նպատակների համար: