Համաշխարհային ԶԼՄ-ների համաձայն` հունվարի 28-ին Հռոմի Պապը ընդունել էր ամերիկացի հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին: Այս մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին: Հանդիպումը ոչ պաշտոնական բնույթ էր կրում: Հանդիպման ժամանակ քննարկվել են շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայական փոփոխությունների հարցերը, որոնք մտահոգում են երկու կողմերին: Դի Կապրիոն Պապին նվիրել էր նիդեռլանդացի նկարիչ Հիերոնիմուս Բոսխի նկարների գիրքը, ինչպես նաև բարեգործական նպատակների համար գումարի չեկ, իսկ Ֆրանցիսկ I-ը նվիրել էր շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված իր էնցիկլիկան և << Ավետարանի ուրախությունը>> գիրքը: Հանդիպման ավարտին Պապը բարեմաղթել և օրհնել էր դերասանին: Նշենք, որ Լեոնարդո Դի Կապրիոն բավականին ժամանակ զբաղվում է համաշխարհային բնապահպանական խնդիրներով: Նա ստեղծել է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հիմնադրամ, որի համար տրամադրել էր 30 միլիոն դոլար: Դերասանը մասնակցել էր վերջերս Դավոսում կայացած Միջազգային տնտեսական համաժողովին և ելույթ էր ունեցել.<Չենք կարող մեզ թույլ տալ, որ ածխի, գազի և նավթի արդյունաբերական ընկերությունների ագահությունը որոշի մարդկության ապագան>>-ասել էր Դի Կապրիոն: