Ամերիկյան Ֆլորիդա նահանգի  միջնակարգ դպրոցների ֆուտբոլային թիմերի  առաջնության  եզրափակիչ էին դուրս եկել  քրիստոնեական երկու դպրոցներ`Cambridge Christian School-ը և University Christian School-ը:  Թիմերի ղեկավարները  Ֆլորիդայի Միջնակարգ դպրոցների մարզական ասոցիացիայի ղեկավար Ռոջեր  Դիրինգին խնդրել էին թույլատրել թիմերի անդամներին խաղից առաջ աղոթել: Սակայն այդ խնդրանքը մերժվել էր: Ռոջեր Դիրինգը մերժումը բացատրել էր այն հանգամանքով, որ  մարզադաշտը  հասարակական վայր է` կառուցված հարկատուների գումարներով, ուստի  այնտեղ արգելված է  հավատքի հրապարակային ցանկացած  դրսևորում: Cambridge Christian դպրոցի տնօրեն  Թիմ Էյլերը քննադատել էր մարզական ասոցիացիայի որոշումը և հայտարարել.<<Մեր  աշակերտներին սովորեցնում ենք, որ աղոթքը Հիսուսի հետ ապրելու հիմքն է: Աղոթքը մեր հավատքի բաղկացուցիչն է>>:  <<Liberty Institute>> քրիստոնեական իրավաբանական կազմակերպության փաստաբան  Ջերեմի Դիսը, ով ներկայացնում է   Cambridge Christian դպրոցի շահերը, աղոթքի արգելքը  անհեթեթ էր անվանել: << Քրիստոնեական երկու դպրոցներին արգելել են աղոթել: Կարծում եմ,  մեր երկիրը  շատ է  հեռացել քրիստոնեական  արմատներից: Աղոթքի արգելքը երեխաների մոտ կարող է այն կարծիքը ստեղծել, որ  աղոթելը սխալ է: Մեր պարտքն ենք համարում  վերականգնել աշակերտների և ուսանողների աղոթելու իրավունքը Ֆլորիդա  նահանգում >>-ասել էր փաստաբանը: Հունվարի 26-ին <<Liberty Institute>> կազմակերպությունը պաշտոնական նամակ է ուղարկել  Ֆլորիդայի Միջնակարգ դպրոցների մարզական ասոցիացիայի ղեկավարությանը, որում պահանջում են  գրավոր ներողություն խնդրել դպրոցից: Եթե  մեկ ամսվա ընթացքում  պահանջը չկատարվի, ապա դպրոցը հայց է ներկայացնելու դատարան: