Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Ռուս – ուղղափառ և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցիների առաջնորդների պատմական հանդիպումը, որը կայացել էր փետրվարի 12-ի Կուբայի մայրաքաղաք Հավանայի հարևանությամբ գտնվող Սան Մարտի միջազգային օդանավակայանում: Պատրիարք Կիրիլի և Ֆրանցիսկ I Պապի հանդիպումը տևել էր ավելի քան 2ժամ: Մոսկվայի Սինոդի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլարիոնի խոսքով հոգևոր առաջնորդների զրույցը ընթացել էր եղբայրական ջերմ մթնոլորտում: Քննարկել էին քրիստոնյաների հալածանքների, Եվրոպայում քրիստոնեական ավանդույթների պաշտպանության կարևորության, Ուկրաինայի եկեղեցում առկա պառակտման և այլ հարցեր: Հանդիպման ավարտին Պատրիարքը և Հռոմի Պապը ստորագրել էին համատեղ հռչակագիր, որում անդրադարձել էին քրիստոնեական եկեղեցու պառակտմանը և հույս էին հայտնել, որ իրենց հանդիպումը աշխարհի քրիստոնյաներին կոգևորի աղոթելու եկեղեցու լիակատար միասնության համար: Հռչակագրում կոչ է արվում նաև պաշտպանել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում հալածվող քրիստոնյաներին, դադարեցնել ահաբեկչությունը: Համատեղ փաստաթղթում անդրադարձել են հղիության արհեստական ընդհատումների, այսպես կոչված միասեռ ամուսնությունների, էվթանազիայի և այլ հարցերի: Նշենք, որ պատմական այս հանդիպումը լուսաբանում էին համաշխարհային առաջատար լրատվամիջոցները, ներկա էին եղել 200 լրագրողներ`չնայած հանդիպման մեծ մասը անցել էր փակ դռների ետևում: