Սիրիայի Հալեպ քաղաքի հայ ավետարանական եկեղեցու հովիվ, գերապատիվ Հարութը CBN News-ին տված հարցազրույցում ասել էր.<<Մեր կյանքը վտանգված է և մեծ պատասխանատվություն ենք զգում այն մարդկանց հանդեպ, ում ծառայում ենք: Այս վիրավոր երկիրը կարիք ունի Սուրբ Հոգով լցված մարդկանց: Պետք է մշտապես լինենք մեր հավատացյալների կողքին, պաշտպանենք եկեղեցիները, դպրոցները , համայնքը>>-ասել էր հովիվը: Իսկ <<Մտադիր չեք Հալեպից հեռանալ>> հարցին նա պատասխանել էր.<<Ոչ, չեմ ցանկանում հեռանալ: Որպես Սիրիայի բողոքական եկեղեցիների առաջնորդ, ես պետք է գտնվեմ իմ ժողովրդի կողքին: Ինձ այստեղ ծառայության է կանչել Աստված, իսկ հովվի պարտականությունն է իր ժողովրդի հետ լինել նաև ծանր իրավիճակներում: Հավատքը պետք է փորձվի: Եթե քրիստոնեական հավատքը չանցնի փորձություններով , ապա չենք կարող տեսնել, թե որքան իրական և զորեղ է այն: Մեր համայնքը բախվում է բազմաթիվ մարտահրավերների: Այսօր պետք չի հեռանալ, այլ մնալ և վկայել այն հրաշալի գործերի մասին, որ Աստված կատարում է մեր կյանում: Այո, ես հավատում եմ, որ հենց հիմա Աստված գործում է Սիրիայում, ես հավատում եմ, որ Աստված ամեն բան վերահսկում է>>: Անդրադառնալով Հալեպում բնակվող մուսուլմաններին` հովիվ Հարութը ասել էր.<<Մեր եկեղեցին գտնվում է այն շրջանում, որտեղ բնակչության մեծ մասը մուսուլման է: Նրանք բոլորն էլ այցելում են մեր պոլիկլինիկան , սոցիալական ծառայություններ տրամադրող կենտրոնը: Ջանում ենք բոլորին էլ օգնել: Հաճելի է, որ մենք կարող ենք մեր հնարավորություններով օգնել մարդկանց, կիսվել նրանց հետ այն ամենով, ինչ ունենք: Այսպիսին է մեր հավատքը>>: