Ավելի քան 150 ղպտի քրիստոնյաներ նստացույց էին անցկացրել Եգիպտոսի Մինյա քաղաքի տարածաշրջանային վարչության շենքի մոտ: Քրիստոնյաները նպատակ ունեին իշխանությունների ուշադրությունը հրավիրել մուսուլմանների կողմից 18-ամյա քրիստոնյա աղջկա առևանգման վրա: Աղջկա ընտանիքը հայտարարել էր, որ նրան առևանգել են մուսուլման տղամարդիկ Սամալ քաղաքում: Նշենք, որ Եգիպտոսում մուսուլմանների կողմից քրիստոնյա աղջիկների առևանգումները մտահոգում են ղպտի համայնքներին: Քրիստոնյաները կանոնավոր դիմումներ են ներկայացնում իշխանություններին, այդ թվում նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիին` խնդրելով համարժեք միջոցներ ձեռք առնել այդ երևույթի դեմ պայքարելու համար: Որպես կանոն առևանգումից հետո կամ փրկագին են պահանջում, կամ աղջիկներին ստիպում են իսլամ ընդունել, որից հետո ամուսնացնում են մուսուլմանի հետ: Հաճախ են նաև այն դեպքերը երբ առևանգված աղջիկներին սպանում են: