Փետրվարի 12 –ին Պատրիարք Կիրիլի հետ հանդիպումից հետո Ֆրանցիսկ I-ը մեկնել էր Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո: Օդանավակայանում նրան դիմավորել էին Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն, կառավարության անդամներ, դիվանագետներ, երկրի կաթոլիկ հոգևորականության բարձրաստիճան ներկայացուցիչներ և հազարավոր մեքսիկացիներ: Հաջորդ օրը հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպվել նախագահական պալատում: Իր ելույթում Պապը հայտարարել էր, որ հասարակության միայն ընտրյալ անդամների համար բարիքներ ստեղծելու փորձերը հանգեցնում են կոռուպցիայի, թմրանյութերի առևտրի, հանցագործությունների և բռնությունների ծաղկմանը: Ֆրանցիսկ I-ը նշել էր, որ Մեքսիկայում հանցագործությունների դեմ պայքարում կառավարությանը պատրաստ է աջակցել երկրի կաթոլիկ եկեղեցին: Այդ նույն օրը Պապը հանդիպել էր նաև կաթոլիկ եպիսկոպոսների հետ: Նա հոգևորականությանը կոչ էր արել չթաքնվել թմրանյութերի մաֆիայի սպառնալիքից, այլ համարձակորեն պայքարել այդ չարիքի դեմ: Ֆրանցիսկ I-ը թմրանյութերի տարածումը համեմատել էր չարորակ ուռուցքի հետ, որը ներսից քայքայում, ոչնչացնում է Մեքսիկայի հասարակությանը: Հանդիպումից հետո Կաթոլիկ Հովվապետը պատարագ էր մատուցել Մեխիկոյի Մարիամ Աստվածածին հայտնի տաճարում, որին ներկա էր եղել ավելի քան 30 հազար մարդ: Փետրվարի 14-ին Հռոմի Պապը պատարագ էր մատուցել Մեխիկոյի Էկատեպեկա արվարձանում, որտեղ մեծ թվով ծանր հանցագործություններ են կատարվում: Պապի հնգօրյա այցը շատ հագեցած է: Փետրվարի 15-ին նա մեկնում է Մեքսիկայի հարավային Չյապաս նահանգը,որտեղ պատարագ է մատուցելու տեղի հնդկացի ցեղերի համար: Նշենք, որ Պապի անվտանգությունը ապահովելու համար Մեքսիկայի կառավարությունը ձեռնարկել է աննախադեպ խստացված միջոցներ: Միայն Մեխիկոյում Ֆրանցիսկ I-ի անվտանգությունը պահպանել են ավելի քան 20 հազար ոստիկաններ և ուժային կառույցների աշխատակիցներ: