Ամերիկյան Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի կառավարության շենքի առջև ավելի քան 7 հազար մարդ էր մասնակցել հայտնի քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմի կազմակերպած աղոթքի հավաքին: Այս մասին Ֆ. Գրեհեմը հայտնել է Facebook-ի իր էջում: <<Աղոթքը ամենակարևոր գործն է, որ կարող ենք անել մեր երկրի համար և Ատլանտայում կայացած աղոթքի հավաքին ներկա էր ավելի քան 7 հազար մարդ: Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր մասնակցին: Եթե քրիստոնյաները սկսում են միջամտել և աղոթել, ապա մենք կարող ենք փոխել այս ազգին>>-գրել է Ֆ. Գրեհեմը: 2016 թվականին ամերիկյան բոլոր 50 նահանգներում աղոթքի արշավ կազմակերպելու իր մտադրության մասին Ֆ. Գրեհեմը հայտարարել էր նախորդ տարվա սեպտեմբերին: Զուգահեռներ անցկացնելով Նեեմիայի գրքի պատմության և Ամերիկայի ներկայիս վիճակի միջև Գրեհեմը ասել էր. <<Ամերիկայում կործանվում են աստվածաշնչյան բարոյականության պատերը: Քրիստոնեությունը և մեր կրոնական ազատությունը պաշարման մեջ են: Մենք չենք կարող ոչինչ չանել: Պետք է Նեեմիայի նման համարձակորեն ոտքի կանգնենք և մեր ազգի անունից աղաղակենք Աստծուն: Աստվածաշունչը մեզ կոչ է անում լինել այս աշխարհի աղը և լույսը:Պետք է դադարենք հանդիսատեսի կարգավիճակում լինելուց և ակտիվորեն մասնակցենք երկրի կյանքին, աղոթենք, որպեսզի դադարի ամերիկյան ազգի բարոյական կործանումը>>:Աղոթքի առաջին հավաքը Ֆ. Գրեհեմը անցկացրել էր այս տարվա հունվարի 5-ին Այովա նահանգի մայրաքաղաք Դե Մոյնի կառավարության շենքի առջև: