Ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը անդրադարձել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ հրապարակված զեկույցին: Զեկույցը, որ կոչվում էր << Հալածվածներ և մոռացվածներ>>, պատրաստել էր բրիտանական բարեգործական << Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> կազմակերպությունը: Զեկույցը ներկայացրել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Նրա խոսքով ամբողջ աշխարհում յուրաքանչյուր օր իրենց հավատքի համար քրիստոնյաները ենթարկվում են սիստեմատիկ խտրականությունների, շահագործման, զրկվում են իրենց տներից: Զեկույցում հատուկ ուշադրություն էր հատկացված Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին , ովքեր սարսափելի հալածանքների են ենթարկվում իսլամիստ գրոհայինների կողմից, ինչի արդյունքում դարեր շարունակ այդ տարածաշրջանում բնակվող քրիստոնյաները հեռանում են: Այդ փաստաթղթի համաձայն` առաջիկա հինգ տարիների ընթացքում քրիստոնեությունը կվերանա Իրաքում: Այս առնչությամբ Ֆրանկլին Գրեհեմը Facebook-ում գրել էր.<< Պատկերացրեք, որ քրիստոնեությունը վերացել է այն երկրում, որտեղ պատմաբանների հաստատմամբ գտնվել էին Եդեմի այգու դարպասները, այն երկրում, որտեղ բնակվել էր Աբրահամը, որտեղ Նոյը կառուցել էր իր տապանը>>: Նա նշել էր, որ այսպես կոչված <<Իսլամական պետությունը>> մեկ նպատակ է հետապնդում Իրաքում, Սիրիայում և վերջապես ամբողջ աշխարհում `ամեն գնով ոչնչացնել բոլոր կրոնները, բացի իսլամից:<< Աղոթեք քրիստոնյաների համար, ովքեր փորձում են գոյատևել Մերձավոր Արևելքում>> -եզրափակել էր Ֆրանկլին Գրեհեմը: