Իտալիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի կաթոլիկ թեմերը արձագանքել են Հռոմի Պապի փախստականներ ընդունելու կոչին և հայտարարել են, որ պատրաստ են ապաստան տալ գաղթական ընտանիքների: Լիոնի արքեպիսկոպոս, կարդինալ Ֆիլիպ Բարբարեն Պապի առաջարկը միանգամայն իրագործելի է անվանել և հայտարարել էր, որ ֆրանսիական կաթոլիկ համայնքները կաջակցեն փախստականներին, քանի որ Ֆրանսիայում Կաթոլիկ եկեղեցին ավանդաբար օգնել է անօթևաններին: Կարդինալը Պապի կոչը անվանել էր<<Խղճի համընդհանուր մոբիլիզացիա>>: Իտալիայի եկեղեցին մտադիր է ընդունել մոտ 100 հազար փախստականի: Առաջիկայում իտալացի եպիսկոպոսները հատուկ նիստ են անցկացնելու, որում քննարկելու են Իտալիայի 226 թեմերից յուրաքանչյուրի հնարավորությունները: Միլանի կաթոլիկ համայնքը արդեն ընդունել է ավելի քան 800 փախստականների, Գենուայինը`400, Ֆլորենցիայինը` մոտ 100: Անգլիացի կարդինալ Վինսենտ Նիկոլսը դիմել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը` խնդրելով ֆինանսական միջոցներ տրամադրել գաղթականների կարիքների համար: Լեհաստանի արքեպիսկոպոս Ստանիսլավ Գանդեցկին բոլոր թեմերին և միաբանություններին հորդորել է հետևել Ֆրանցիսկ I-ի կոչին , ընդունել փախստականների և ստեղծել կյանքի համար նորմալ պայմաններ: Իսկ Հունգարիայի կարդինալ Պետեր Էրդյոն ասել է, որ հունգարական համայնքները ի վիճակի չեն փախստականներ ընդունել երկրի օրենսդրական յուրահատկությունների պատճառով: