ԱՄՆ-ում կալանքից ազատ են արձակել Կիմ Դևիսին, ով հրաժարվել էր գրանցել միասեռ ամուսնությունները: Դևիսին կալանքի դատապարտած դատավոր Դևիդ Բաննինգը բացատրել է, որ Կիմ Դևիսին ազատ է արձակել, քանի որ քաղաքային վարչության ամուսնությունների բաժինը, որտեղ աշխատում է Կիմը, կատարում է իր պարտականությունները և գրանցում է ամուսնությունները: Միաժամանակ դատարանը արգելել է Դևիսին աշխատանքի վերադառնալուց հետո խառնվել միասեռ զույգերի ամուսնությունների գրանցմանը: Հակառակ դեպքում դատարանը ձեռք կառնի համապատասխան միջոցներ: Նշենք, որ Կիմ Դևիսը հրաժարվել էր գրանցել միասեռ զույգերի ամուսնությունները, քանի որ դա հակասում է իր քրիստոնեական համոզմունքներին: Դատարանը նրան պարտավորեցրել էր կատարել իր աշխատանքը անկախ կրոնական համոզմունքներից: Սակայն քրիստոնյա այս կինը շարունակել էր չգրանցել միասեռ ամուսնությունները`շատ լավ գիտակցելով, որ իրեն կբանտարկեն դատարանի որոշմանը չենթարկվելու համար: Սակայն նա գերադասել էր բանտարկությունը, քան քրիստոնեությանը հակասող այդ ամուսնությունների գրանցումը: Դևիսի բանտարկությունը մեծ արձագանք էր առաջացրել ԱՄՆ-ում: Շատերը հանդես եկան նրա պաշտպանությամբ: Հանրապետական կուսկացությունից նախագահական ընտրությունների թեկնածու Ռենդ Պոլը հայտարարել էր. <<Անհեթեթություն է մարդուն բանտարկել իր կրոնական ազատությունից օգտվելու համար>>: Իսկ Կիմ Դևիսի փաստաբանը լրատվամիջոցներին տված մեկնաբանություններում ասել էր, որ իր պաշտպանյալին հանցագործ են համարում այն բանի համար, որ նա չի կարողանում հակառակ գնալ իր խղճին: Դևիսի փաստաբանների համաձայն` Կենտուկի նահանգի սահմանադրությամբ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի չգործել իր խղճին հակառակ: