Բանգլադեշի Գերագույն դատարանը առաջիկայում քննարկելու է հանրագիրը, համաձայն որի իսլամը զրկվում է երկրի պետական կրոնի կարգավիճակից: Հանրագրի հեղինակները պահանջում են Բանգլադեշը, որի բնակչության 90%-ը մուսուլման է, հայտարարել աշխարհիկ պետություն: Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում և մյուս խոշոր քաղաքներում այդ հանրագրի քննարկման դեմ բողոքի ցույցեր են անցկացնում հազարավոր մուսուլմաններ: Դաքայում ավելի քան 7 հազար մուսուլման հավաքվել էր գլխավոր մզկիթի մոտ` վանկարկելով հակակառավարական կարգախոսներ. <<Մենք կփրկենք մեր կրոնը նույնիսկ մեր կյանքի գնով>>- հայտարարել էին <<Hefazat al Islam>> արմատական իսլամական կազմակերպության ակտիվիստները: Իսլամիստ ծայրահեղականների առաջնորդները սպառնացել են բռնությունների ալիք բարձրացնել երկրում, եթե Գերագույն դատարանը հաստատի հանրագրի պահանջը: Նշենք, որ Բանգլադեշը, որպես աշխարհիկ պետություն առաջացել էր 1971թվականին` անկախանալով Պակիստանից: Սակայն 1988 թվականին Սահմանադրության մեջ կատարված փոփոխության արդյունքում իսլամը դարձել է երկրի պաշտոնական կրոնը: Ներկայումս Բանգլադեշի կառավարությունը ժխտում է երկրում<<Իսլամական պետություն>> խմբավորման ներկայությունը, չնայած հաճախակի են դարձել քրիստոնյաների, շիա մուսուլմանների, հինդուիստների սրբավայրերի վրա կատարվող հարձակումները, որոնց պատասխանատվությունը վերցնում է <<Իսլամական պետությունը>>: