Համաշխարհային քրիստոնեական լրատվամիջոցները անդրադարձել են Կուբայի կրոնական ոլորտում կատարված փոփոխություններին: Լրատվամիջոցների համաձայն` Ֆիդել և Ռաուլ Կաստրոները մեծացել են կաթոլիկ ընտանիքում, մկրտվել են կաթոլիկ եկեղեցում և ստացել ճիզվիտական դաստիարակություն: Սակայն 1959 թվականին իշխանության գալուց հետո նրանք Կուբան հայտարարեցին աթեիստական երկիր, շրջվեցին եկեղեցուց: Երկրում սկսվեցին քահանաների հալածանքները, փակվեցին եկեղեցական բոլոր դպրոցները: Ներկայումս, երբ Կաստրո եբայրներն արդեն ծեր են `Ֆիդելը 89տարեկան է, իսկ Ռաուլը `84, նրանք զգալիորեն փոխել են իրենց վերաբերմունքը եկեղեցու հանդեպ: 1998 թվականին հովվական այցով Կուբա էր մեկնել Հովհաննես Պողոս 2-րդ Պապը, իսկ 2012թվականին Բենեդիկտոս 16-րդը: Նրանք երկուսն էլ հանդիպել էին Կաստրո եղբայրների հետ: Արդյունքում Կուբայում սկսվել էր փոփոխությունների դանդաղ պրոցեսը: Հովհաննես Պողոս Պապի այցից հետո Կուբայում սկսեցին նշել Սուրբ Ծնունդը, իսկ Բենեդիկտոս 16-րդի այցից հետո ` Սուրբ Հարության տոնը: Ֆիդել Կաստրոն բազմիցս գովաբանել է քրիստոնեական արժեքները, իսկ Ռաուլ Կաստրոն ավելի հեռուն էր գնացել և երկխոսություն էր սկսել Կուբայի եկեղեցու առաջնորդների հետ , թույլատրել էր կրոնական երթերը և ազատ էր արձակել քաղաքական տասնյակ բանտարկյալների: Այս տարի Ռաուլ Կաստրոն Վատիկանում հանդիպել էր Ֆրանցիսկ I Պապի հետ: Հանդիպման ժամանակ Կուբայի նախագահը հայտարարել էր, որ տպավորված է Պապի իմաստությամբ և համեստությամբ: <<Եթե Պապը շարունակի խոսել այնպես, ինչպես հիմա է խոսում, ապա ուշ թե շուտ ես նորից կսկսեմ աղոթել, կվերադառնամ կաթոլիկ եկեղեցի>>- ասել էր Ռաուլ Կաստրոն լրագրողներին: Կուբայի եպիսկոպոսների կոնֆերանսի նախագահ, արքեպիսկոպոս Դիոնիսիո Գարսիան նշել է, որ Կուբայում զգալի են դրական փոփոխությունները կրոնի հարցում, վարչակազմը առավել հանդուրժող է դարձել կրոնական ծեսերի հանդեպ: