Եպիսկոպոսական ժողովի որոշմամբ Ռուս ուղղափառ եկեղեցին կայսր Նիլոլայ II-ի և նրա ընտանիքի պալատական բժիշկ Եվգենի Բոտկինին դասել է սրբերի կարգը: Այս մասին հայտնել է Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի վարիչ, միտրոպոլիտ Իլարիոնը: Եվգենի Բոտկինը ռուս հայտնի բժիշկ Սերգեյ Բոտկինի որդին է, ում անունով կոչվում է Մոսկվայի քաղաքային կլինիկական հիվանդանոցը: 1918 թվականին Եկատերինբուրգում, 53 տարեկանում Եվգենի Բոտկինին գնդակահարում են ցարի ընտանիքի հետ միասին: Ի դեպ արտասահմանի Ռուս ուղղափառ եկեղեցին բժշկին սրբացրել է դեռևս 1981 թվականին: Տեղեկացնենք, որ հեղափոխությունից հետո, երբ կայսերական ընտանիքին ձերբակալում են, բոլոր ծառաներին և օգնականներին ընտրության հնարավորություն է տրվում` մնալ ցարական ընտանիքի հետ կամ հեռանալ: Շատերը հեռացան, սակայն բժիշկ Բոտկինը չլքեց նրանց: Նույնիսկ գնդակահարությունից առաջ նրան հնարավորություն էր տրվել հեռանալ, սակայն Եվգենի Բոտկինը ասել էր.<<Ես ցարին ազնիվ խոսք եմ տվել մնալ նրա հետ, քանի դեռ նա ողջ է: Ես չեմ կարող չպահել իմ խոստումը: Ես չեմ կարող մենակ թողնել ցարի որդուն: Դա անհամատեղելի է իմ խղճի հետ >>: