Քրիստոնյաները ամենաշատն են ենթարկվում հարձակումների բռնությունների և հալածանքների ամբողջ աշխարհում: Այս մասին հայտարարել էր Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Բրյուսելում կայացած կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված էր միջկրոնական երկխոսությանը և քրիստոնյաների վիճակին: << Չնայած հալածանքներն ու բռնությունները կատարվում են Եվրոպայի սահմաններից դուրս, սակայն Եվրամիությունը չի կարող անտեսել այդ ամենը>>-ասել էր Եվրախորհրդարանի նախագահը: Նա Եվրամիությանը կոչ էր արել ավելի ակտիվորեն պաշտպանել հալածվող քրիստոնյաներին: Վերջերս Open Doors կազմակերպության հրապարակած զեկույցում նշված է, որ ամենադաժան հալածանքների են ենթարկվում Սիրիայի, Իրաքի, Պակիստանի, Հյուսիսային Կորեայի և Նիգերիայի քրիստոնյաները: Վերջին երեք տարիների ընթացքում Սիրիայից փախել է ավելի քան 700 հազար քրիստոնյա, 2003 թվականից մինչ օրս Իրաքից հեռացել է քրիստոնյաների 70%-ը: Մեկ տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում հավատքի համար սպանվել են 4344 քրիստոնյաներ: Հյուսիսային Կորեայի բանտերում են գտնվում մոտ 70 հազար քրիստոնյաներ: Այդ երկրներում քրիստոնեության հակառակորդները հայտարարում են, որ քրիստոնյաները անկոչ հյուրեր են: Կոնֆերանսում ունեցած իր ելույթում Բրյուսելի եպիսկոպոս Ժան Կոկերոլսը հայտարարել էր, որ իրականում Մերձավոր Արևելքում, Պակիստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի և դրանց հարևան երկրների տարածքներում քրիստոնեության ներկայությունը հարյուրավոր տարիներ ավելի առաջ է եղել մուսուլմանությունից: Եպիսկոպոսը Եվրոպայի երկրների առաջնորդներին կոչ էր արել գործուն միջոցներ ձեռք առնել քրիստոնյաներին հալածանքներից պաշտպանելու համար: