Բանգլադեշի Գերագույն դատարանը մերժել է աշխարհիկ պետություն դառնալու վերաբերյալ հանրագիրը, որը առաջարկել էին առաջատար քաղաքական 15 գործիչներ: Այսպիսով իսլամը շարունակում է մնալ երկրի պաշտոնական կրոնը: Բանգլադեշը, որպես աշխարհիկ պետություն առաջացել է 1971թվականին` անկախանալով Պակիստանից: Սակայն 1988 թվականին Սահմանադրության մեջ կատարված փոփոխության արդյունքում իսլամը դարձել է երկրի պաշտոնական կրոնը: Մինչ Գերագույն դատարանը քննարկում էր հանրագիրը, բողոքի զանգվածային ակցիաներ էին անցկացնում իսլամական արմատական կազմակերպությունները և խմբավորումները: France–Presse գործակալությանը տված հարցազրույցում <<Jamaat-e-Islami>> կուսակցության նախագահը ասել էր.<<Բանգլադեշի բնակչության 90%-ը մուսուլման է: Մարդիկ թույլ չեն տա կառավարությանը երկիրը դարձնել աշխարհիկ, որպեսզի բավարարվի մի խումբ անհավատների ցանկությունը>>: Լարվածությունը աշխարհիկ պետության կողմնակիցների և նրանց հակառակորդների միջև մեծանում է: Մայրաքաղաք Դաքայում ոստիկանությունը անվտանգության միջոցներ է ձեռք առնում, որպեսզի բողոքի ակցիաները անցնեն խաղաղ պայմաններում, բացառվեն բախումները և անկարգությունները: