Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկացմամբ` նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այցելել էր Բալթիմոր քաղաքի մզկիթը և հանդիպել մուսուլմանական համայնքի հետ: Նախագահության ընթացքում սա Օբամայի առաջին այցն է մզկիթ: Հանդիպմանը ներկա էին եղել մուսուլման հոգևորականներ, համայնքի անդամներ, հասարակական ակտիվիստներ և այլոք: ԱՄՆ-ի նախագահը դարձյալ խոսել էր կրոնական ազատության մասին: Նա քաղաքական որոշ գործիչների հակամուսուլմանական ելույթները աններելի էր անվանել և նշել էր, որ նման քարոզչությունը տեղ չունի և չի կարող ունենալ ԱՄՆ-ում: <<Իսլամը համարվում է Ամերիկայի բաղկացուցիչը>>-ասել էր Օբաման: Նա ամերիկացիներին կոչ էր արել մերժել խտրականությունը, իսկ մուսուլմաններին `ծայրահեղական գաղափարախոսությունը:Նախագահի խոսքով <<Իսլամական պետություն>> խմբավորումը աղավաղված իսլամ է տարածում և սպանում անմեղ մարդկանց: << Իսլամիստ գրոհայինները մուսուլմաններին չեն պաշտպանում, ընդհակառակը, նրանց զոհերի մեծ մասը հենց մուսուլմաններ են: ԱՄՆ-ի համար ահաբեկչության դեմ պայքարի լավագույն միջոցն է մերժել ծայրահեղական կազմակերպությունների գործունեությունը և ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մեր երկրում իսլամի հետևորդները ճնշումների չեն ենթարկվում>>-հայտարարել էր Բարաք Օբաման: